2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

«ԻՆՔՍ ԻՆՁ ԳՆԱՀԱՏԵԼԸ ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԿԼԻՆԻ»

«ԻՆՔՍ ԻՆՁ ԳՆԱՀԱՏԵԼԸ ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԿԼԻՆԻ»
20.12.2011 | 00:00

Ինչպես պետական պաշտոնյաները, այնպես էլ շարքային քաղաքացիները յուրաքանչյուր անցնող տարին ծանրութեթև են անում։ Եթե ուշադիր լինենք, հատկապես թոշակառուների և նպաստառուների ծանրութեթև անելուց սոցիալական դժգոհության նժարն է ներքև իջնում։ Իսկ ինչպե՞ս է ծանրութեթև անում տարին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ։
-2011-ին իրականացված աշխատանքներից ո՞րը կառանձնացնեք։
-Տարին բավականին հագեցած է եղել։ Եթե ամփոփելու լինենք արդյունքները, ապա լուծված կարևոր խնդիրներից են կենսաթոշակային համակարգի արդիականացումը, ինչպես նաև ընտանեկան նպաստների արդիականացված համակարգի բազաների ստեղծումը, որը մի քանի օր առաջ ներկայացրինք հանրությանը։ Ինտեգրված համալիր սոցիալական կենտրոնների ստեղծման համար իրականացվել են բոլոր նախապատրաստական աշխատանքները, և արդեն 2012-ից կիրականացվի համալիր սոցիալական ծառայությունների ներդրումը։ Հաշմանդամության ոլորտին առնչվող հարցերից կառանձնացնեի անձի աշխատունակության աստիճանի հիման վրա հաշմանդամության նոր կարգի տրամադրման հայեցակարգի ընդունումը։
-Այդ բարեփոխումները գործնականում որքանո՞վ իրականացվեցին, և արդյո՞ք դրանք զգալի եղան բնակչության նշված խավերի համար։
-Թվարկածս բոլոր բարեփոխումներն իրականություն են դառնալու 2012-ից, իսկ այս տարի ձևավորվեց դրանց կիրառման օրենսդրական դաշտը։ Իրականացված է մեծ ծավալի աշխատանք։
-Իսկ ի՞նչ ծրագիր չհաջողվեց։ Եվ քանի որ Դուք չպատասխանեցիք առաջին հարցիս, կրկնեմ. եթե ինքներդ գնահատեք Ձեր աշխատանքը, այն կհամարեք լա՞վ, բավարա՞ր, թե՞ վատ։
-Ճիշտ չի լինի, որ ինքս գնահատեմ իմ աշխատանքը։ Դա ամեն դեպքում կլինի խիստ սուբյեկտիվ և դրական։ Եղած հնարավորությունները մենք գործադրել ենք տարբեր հարթություններում, իրականացրել ենք այն, ինչ հասցրել ենք, ինչ ուժներս պատել է։ Պետք է ընդգծեմ, որ և՛ իրականացված աշխատանքները, և՛ ընդհանուր առմամբ եղած խնդիրները մեծ ծավալ ունեն, և հնարավոր չէ մեկ տարում լուծել։ Համենայն դեպս, 2011-ին մեր առջև դրված թե՛ կառավարության միջոցառումների ծրագրով, թե՛ գերակա ծրագրերի ուղղությամբ բոլոր խնդիրները լուծել ենք։ Չիրականացված ծրագրեր չունենք։
-Այդ դեպքում` ինչո՞վ եք պայմանավորում այն, որ մի կողմից, օրենսդրությամբ ոլորտի խնդիրները կարգավորվում են, սակայն իրականում սոցիալական ոլորտում բնակչության կենսամակարդակը, նույն կենսաթոշակառուի, նպաստառուի սոցիալական վիճակը չեն բարելավվում, հակառակը` գնալով վատանում են։
-Կարծում եմ, դա պայմանավորված է պետության սոցիալ-տնտեսական իրավիճակով և մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքից բխող խնդիրներով։ Բոլոր դեպքերում, Ձեր հարցադրմանը համամիտ չեմ։ Երբեք չի կարելի պատկերացնել, որ եթե այսօր խնդիրն օրենսդրորեն լուծվել է, ապա հաջորդ օրը եղած խնդիրները կարգավորվելու են։ Սա երկարատև գործընթաց է, որը պայմանավորված է և՛ քաղաքական, և՛ տնտեսական գործառույթներով։ Պետք է ընդգծեմ, որ աշխարհում առկա գործընթացների վերլուծությունը վկայում է, որ այսօր իրականացված քայլերն իրենց շոշափելի արդյունքը կտան միայն որոշ ժամանակ անց։
-Կենսաթոշակային հիմնադրամում ծագած «մեռյալ հոգիների» խնդիրը վերածվեց քրեական գործի, ի՞նչ փուլում է այն, և որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե։
-Քննությունն ընթացքի մեջ է, և կարծում եմ` ճիշտ չի լինի որևէ բան ասել մինչ դրա ավարտը։ Քրեական գործի ավարտից հետո իրավապահ մարմինները հստակ տեղեկություն կտրամադրեն։
-Այս տարի հաստատվեց նաև կամավոր կուտակային կենսաթոշակային ծրագիրը։ Ի՞նչ է արվել այդ ուղղությամբ։
-Կամավոր կենսաթոշակային կուտակային հիմնադրամի քաղաքականությունն իրականացնող լիազոր մարմինը Կենտրոնական բանկն է։ 2012-ից գործելու է այդ համակարգը։ Այսօր արդեն կարգավորված են բոլոր ենթաօրենսդրական ակտերը, այսինքն` իրավական բոլոր խնդիրները լուծված են, ֆոնդերը` ձևավորված։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 945

Մեկնաբանություններ